ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Սերգեյ Փարաջանով-100

փտր 13, 2024 Միջոցառումներ

Փարաջանով
 

«Նա չէր սիրում կրկնությունները, փորձերը։ Ամեն ինչ ծնվում էր տարերայնորեն, առանց խորիմաստ տքնության, սրտանց։ Հենց այստեղ էլ գոռում էր, ծիծաղում ու լաց լինում...»։ Գարրի Կունցև, «Կար-չկար մի Փարաջանով»:

«Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Հակոբ Հովնաթանյան», «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմայով», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» ֆիլմերով համաշխարհային կինոյում մեծ ժառանգություն թողած հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ եւ ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է այսօր՝ հունվարի 9-ին։ Այս տարի նշվում է մեծ ռեժիսորի 100-ամյակը։ Հայաստանի ազգային գրադարանը միջոցառումներով կնշանավորի այդ հոբելյանը։

Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի`` Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։ «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և «Խոստովանություն» (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևն իր «Կար-չկար մի Փարաջանով» գրքում անկրկնելի հուշեր է պատմում հայազգի մեծ ռեժիսորի մասին:

«Մանկական տարիների ուրախ երեխայի մեջ իրար են խառնվել ապոկալիպսիսն ու կրկեսը, հետագայում արտիստ պատանին այսեղ ավելացրեց նաև գեղեցիկ դեմքերի, հիանալի լայնեզր գլխարկների ու ապշեցուցիչ առասպելների կարոտը։ Իսկ այնուհետև... Վերջապես գտնելով այն ոլորտը, որտեղ այդ ամենը կարող էր ստեղծել իր ձեռքերով։

Կինոն, որտեղ տեղ ունեն բոլորը՝ և երաժիշտները, և պարողները, և բանաստեղծները, և որտեղ ուրախ երեխան ի զորու էր դրության տերը դառնալ, նա հանկարծ կյանքին նայեց կուսական պաստառի մյուս կողմից, որի վրա մտածել էր տեղավորել ամեն ինչ՝ թե տաքդեղի կծու ցավը Արարատի ֆոնին, թե ամրոցի պատի մեջ իրեն կենդանի-կենդանի շարած պատանու սքանչելի կիսադեմը, թե չմոռացված նախնիների բոլոր ստվերները, թե բոլոր գույները նույնպես մորուքավոր, նույնպես չլողացած ու նույնպես տնանկ Փիրոսմանու, որը քայլում էր այն նույն արահետներով, որոնցով կյանքում վազում էր ուրախ երեխա-ռեժիսորը...»,- գրել է Կունցևն իր հուշապատում-գրքում։ Հայ մեծ կինոռեժիսորի շուրջ 100 լուսանկարների հեղինակ, ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Գարմաշի բնորոշմամբ՝ Փարաջանովը Հայաստանի, Ուկրաինայի ու Վրաստանի ադամանդն է: